Դդումի 50 երանգները

Կարծրակեղև, խոշորապտուղ, մուշկային, վայրի ու մշակովի, կլոր ու երկարավուն, վառ նարնջագույն ու կանաչ, դեկորատիվ ու ուտելի, գեղեցիկ, սննդարար ու բուժիչ… Վայրի բույսերի այս ցեղակիցը՝ չնայած իր բազում արժանիքներին, ցավոք, իրեն վայել տեղը դեռ չի գտել մեր խոհանոցային մշակույթում: Ու որպես նրա նորաթուխ երկրպագու, հանձն եմ առնում շտկել ստեղված իրավիճակը:

Եվ այսպես, դդում: Ոտքից գլուխ, ավելի ճիշտ, կորիզից մինչև կեղև օգտագործելի այս բույսը մեզ մոտ մուրաբայից, դդմապուրից, սերմերից ու, իհարկե, ղափամայից այն կողմ առանձնապես չես հանդիպի:

 

Անկեղծ լինեմ, մինչև վերջերս իմ պատկերացումներն էլ դդմի հնարավրությունների մասին սահմանափակվում էին թվարկածով, որոնց միջից միայն մուրաբան էր, որ մուտքի իրավունք ուներ իմ ստամոքս, մինչդեռ նրա մնացած կերպարանավորումները ստիպում էին դեմքս մի լավ ծռմռել՝ հնարավորինս խոսուն արտահայտելու համար դրանց հանդեպ տածած հակակրանքս:

Ու երբ օրերից մի օր աչքովս ընկավ թավշյա նարնջագույն չիզքեյքի նկարը, ու դրան կցված բաղադրատոմսը, մի տեսակ հիպնոզացված, առանց վարանելու անցա դրա պատրաստմանը տանող բոլոր փուլերը, ու երեկոյան արդեն խոհանոցը բուրում էր վառարանից հենց նոր դուրս եկած ու խյուսի վերածվող դդմի՝ մշկընկույզով, դարչինով, մեխակով համեմված երանգներով:

Ու էսպես սկսվեց աշնան այս գեղեցկուհու հետ իմ խոհանոցի սիրավեպը: Պարզվեց, որ թխվածքներում, մուսերում, կոկտելներում, ապուրներում նոր բաղադրիչների հետ ծանոթանալիս այն դրսևորում է իր բնավորության՝ դեռևս չբացահայտված գծերը: Ճիշտ աշնան տերևների գունապնակի նման, դդմի համային հնարավորություններն ամեն անգամ զարմացնում են անսպասելի դրսևորումներով՝ նուրբ կարամելայինից մինչև հագեցած մշկընկուզային՝ կախված ընտրված տեսակից ու համադրություններից:

Էնդի Ուորհոլն ասում էր. «Եթե ուզում ես ողջ էությամբդ վերադառնալ որևէ ակնթարթ,  զգայարաններից և ոչ մեկն այնքան կարող չէ դա իրականացնել, որքան հոտառությունը»: Եվ ուրեմն, եթե սիրում եք աշունը, և ուզում եք մի պահ այն վերադարձնել, կամ որևէ հիշողություն ունեք կապված մեխակի, մշկընկույզի և շոկոլադի բուրախաղի հետ, ու եթե ձեռքի տակ ունեք հագեցած նարնջագույն միջուկով դդում, ապա հենց այսօր կարող եք պատրաստել դդմային կեքս, որի պարզ բաղադրատոմսով սիրով կիսվում եմ Ձեզ հետ:

Եվ այսպես, անհրաժեշտ է.

  • սերուցքային կարագ —  125 գ
  • ալյուր — 300 գ
  • կակաո — 2 ճ/գ
  • փխրեցուցիչ — 1 ճ/գ
  • դարչին — 1 թ/գ
  • մշկընկույզ — 1 թ/գ
  • կեֆիր — 100 մլ
  • դդմի խյուս — 175 գ
  • շոկոլադ — 150 գ
  • վանիլ
  • շաքարավազ — 175 գ
  • շականակագույն շաքարավազ — 175 գ
  • ձու — 3 հատ

Ջեռոցը տաքացնում ենք մինչև 170°: Շոկոլադը հալեցնում շատ թույլ կրակի վրա, չենք թողնում,  որ այն եռա: Ալյուրը մաղում ենք, ավելացնում կակաոն, փխրեցուցիչը և համեմունքները:

Առանձին տարայում իրար ենք խառնում կեֆիրը, դդմի խյուսը (նախապես ջեռոցում տապակած  դդմի կտորները բլենդերի օգնությամբ վերածեք խյուսի), հալեցված շոկոլադը: Հարիչով կարագը շաքարավազի  հետ խառնել՝ մինչև սպիտակելը: Ավելացնել հավկիթները, այնուհետև՝ ալյուրը և կեֆիրային խառնուրդը, խառնել մինչ միատարր զանգված դառնա:

Կեքսի՝ թխելու տարային կարագ քսել, պատերին ալյուր ցանել և տեղափոխել խմորն ամանի մեջ: Թխել 1-1,5 ժամ: Պատրաստվածության աստիճանը փորձել փայտիկի միջոցով․ այն պետք է չոր դուրս գա:

Ջեռոցից հանելուց հետո կեքսը 15 րոպե թողնել տարայում, ինչից հետո հանել և թողնել սառչի: Ձևավորել ըստ ցանկության:

Բարի ախորժակ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով