Հայաստանի գաստրոգենի զարթոնքը

Գառնի, Գեղարդ, Սևան, Տաթև ու դրա հետ մեկտեղ հյուրասիրություն, ճաշկերույթ, ու էլի հյուրասիրություն: Ահա էսպիսի պատկեր է կրում զբոսաշրջիկի այցը Հայաստան` տարիներ ի վեր, ու այսօր բավական դժվար է ասել, թե ինչն է իրականում նրան առավել տպավորում՝ մեր բնությունն ու հին կոթողնե՞րը, թե՞ մեր ուտեստների համն ու հոտը, հայկական «էս էլ փորձի, շատ համով ա»-ն:

Հաշվի առնելով, թե որքան ու ինչ երանգներով են մեզ այցելող հյուրերը խոսում հայկական միրգ ու բանջարեղենից, ուտեստների բազմազանությունից ու դրանց՝ քիմքը շոյող, հաճելիորեն զարմացնող, երևակայությունն ու ստամոքսը սնող համից, վստահ կարելի է ենթադրել, որ Հայաստանի գաստրոգենը ուժեղ մրցակից է դառնում զբոսաշրջության գրավչությունների շարքում:

Ու եթե տարիներ շարունակ լսում ու խոսում էինք նրա մասին, որ Հայաստանն ունի գաստրոտուրիզմի զարգացման համար մի մե՜ծ, բայց չիրացված ներուժ, ու որ մենք չենք օգտվում նրանից, ինչ մեզ բնությունն է պարգևել, ապա այսօր արդեն տեսնում ենք այդ ներուժի իրականացմանն ուղղված առաջին քայլերն ու հայկական գաստրոգենի կայացման սկիզբը:

Ու եթե հարց է ծագում, թե՝ որն են քայլերը, ինչ գաստրոգեն, ինչ գաստրոտուրիզմ, ասենք. նախ փառատոնները, որ արդեն քանի տարի խթանում են ներքին զբոսաշրջությունն ու գաստրոնոմիկ կետեր դաջում Հայաստանի քարտեզին: Դրանց թվում՝ լավաշի ու հայկական ուտեստների,  խորովածի, ազնվամորու, գինու, տոլմայի ու այլ տարբեր ուտեստների փառատոնները, որ տեղ են գտնում մեր գյուղերում ու քաղաքներում:

Դե իսկ այն, ինչ տեղի ունեցավ այս տարի Երևանում իսկական հեղափոխություն էր ոչ միայն Երևանյան գաստրոկյանքում, այլև մեր՝ Երևանի ընկալման հարցում: Մենք տեսանք ու համոզվեցինք, որ «մեր փողոցում էլ տոն կարող է լինել», որ մեր քաղաքը դատապարտված չէ քաղքենիության, ու մենք կարող ենք նրան վայել օրեր, միջավայր ու տրամադրություն ստեղծել: Այո-այո, խոսքն այս տարվա մայիսին՝ Սարյան փողոցում կազմակերպված երկօրյա տոնի՝ Yerevan Wine Days-ի ու սեպտեմբերին անգլիական այգում տեղի ունեցած Yerevan Food Fest-ի մասին է:  Գինի, ուտեստ, վարպետության դասեր,  համտեսում, նոր համադրություններ, համային իմպրովիզներ, ամենաերկար սուշի, ամենահին գինի, ամենաուրախ այցելուներ: Մի խոսքով, միջոցառումներ, որ մտածում էիր, թե սարերի հետևում են, պարզվեց արդեն էստեղ են, արդեն կանչել են, միավորել են, արբեցրել ու կշտացրել են…

Բնականաբար, այս ամենը տեղին չէր լինի, եթե չունենայինք օրեցօր զարգացող գուրմաններին, եվրոպականն արդեն տեսած ու վայելած պահանջկոտ սպառողներին գոհացնող, երբեմն զարմացնող, վերադառնալ ստիպող ռեստորանա-սրճարանային մշակույթը: Սպասարկման որակը, կոնցեպտուալ ձևավորումը, խոհանոցը, մթնոլորտը…Այսօր մեզ՝ հաճախոդրներիս գրավելու համար նորաբաց ռեստորաններն ուշադրություն են դարձնում ամեն մանրուքի վրա:

Ու հենց նման ռեստորաններից մեկի՝ Հայաստանում առաջին բաց խոհանոցով «Շերեփի»-ի բացմանը Երեմյան Փրոջեքթսը հրավիրել էր ռուսաստանի հայ Գորդոն Ռամզիին՝ հանրահայտ ռեստորատոր, ”Пробка” ռեստորանային ցանցի հիմնադիր ու սեփականատեր, խոհարարական “Адская кухня”, “Реальная кухня”, “На ножах”  հեռուստաշոուների վարող Արամ Մնացականովին, ում գաստրոկյանքի ներկայացուցիչներն ու սիրահարները հնարավորություն ունեցան հանդիպել ու լսել «Այբ» կրթական հիմնադրամի կողմից կազմակերպվող « Հաջողության բանաձև » վարպետության դասերի շարքի շրջանակներում: Եվս մի փաստ, որ վկայում է մեր գաստրոմշակույթի՝ զարգացման ճանապարհը բռնելու մասին:

Ինչպե՞ս չդավաճանել հետաքրքրություններդ ու երազանքդ, ինչպե՞ս խոհարարի մասնագիտությունը ամոթի ոլորտից տեղափոխվեց հարգանքի ոլորտ, որո՞նք են հաջողակ ռեստորանի գաղտնիքներն ու կարևորագուն պատվիրանները…Այս ամեն մասին Արամ Միխայլովիչը կիսվեց ներկաների հետ, պատասխանեց հարցերի տարափին, իր գիրքը նվիրեց ամենահետքրքիր հարցի հեղինակին, ով, ինչպես պարզվեց, այս տարի Սարյան փողոցի վրա ևս մեկ բացվելիք ռեստորանի ներկայացուցիչ էր (անհամբեր սպասում ենք):

Մի խոսքով, վստահ կարող ենք ասել, որ Երևանը, չէ, Հայաստանն այսօր արդեն մեծ քայլեր է անում գաստրոմշակույթի կայացման ոլորտում, ինչի մասին վկայում են թե՛ տեղացի ու արտասահմանցի այցելուների արձագանքները, թե՛ մեզ այցելող միջազգային ճանաչում ունեցող խոհարարները, թե՛ կազմակերպվող միջոցառումները, թե՛ մեր ռեստորանների՝ օրեցօր բարձրացող որակը (սրանում կարող եք համոզվել՝ պատվիրելով իրենց առաջարկած ուտեստները մեր կայքում ): Մենք էլ մեր հերթին, կփորձենք ձեզ տեղյակ պահել համեղ անցուդարձի մասին, որ միասին վկա դառնանք հայկական գաստրոգենի զարթոնքին ու նվաճումներին:  Մեր գաստրոգենը ևս անմահ է։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով