Դատարկ ստամոքսով չդիտե՛լ

Ֆիլմերում խոհանոցային-ընթրիքային տեսարանները դժվար թե որևէ մեկին անտարբեր թողնեն, անկախ նրանից՝ ողջ ֆիլմն է կրում գաստրոնոմիկ տրամադրություն, թե միայն որոշ տեսարաններ: Հայ ռեժիսորները նույնպես անմասն չեն մնում ֆիլմային գաստրոնոմիայից՝ դրվագից մինչև ամբողջական ֆիլմ․ թեկուզ հիշենք հայտնի «Տժվժիկը», կամ «Գիքորում» Բազազ Արտեմի կերուխումը։ Համաշխարհային ու տեղական ֆիլմերի համեղ կադրերում ցանկացած ուտեստ կարելի է գտնել․ սուշի, խորոված, հնդկահավ ու աղանդեր, ցուցակն անվերջ է։ Այս անգամ ձեզ ենք ուզում ներկայացնել արտասահմանյան հինգ ֆիլմ՝  հատկապես քիմքին հաճո։

Այս անգամ ձեզ ենք ուզում ներկայացնել արտասահմանյան հինգ ֆիլմ՝  հատկապես քիմքին հաճո։

 

Les Saveurs du Palais (2012)

Ֆիլմը հիմնված է Դանիել Դելպյուի հիշողությունների վրա, ով իր տրյուֆելային ֆերմայից տեղափոխվում է Ելիսեյան պալատ և երկուսուկես տարիաշխատում որպես նախագահի անձնական խոհարար: Պատմությունը ներկայացվում է անուշահամ ֆլեշբեքերի տեսքով՝ արդեն հետազոտական խմբի խոհարարի կողմից: Ֆիլմն այնքան է կենտրոնացած կերակուրների պատրաստման պրոցեսի վրա, որ թվում է, թե ֆիլմի իրադարձությունների ու կերպարների զարգացումը փոքր-ինչ տուժել է: Ժամանակին անգամ Ֆրանսիայի նախագահին հիացրած սաղմոնով լցոնված կաղամբի տնական ջեռեփուկը, «Սենտ Օնորեն» ու հատապտուղներով տարտը կգրգռեն ձեր ախորժակն ու գոնե մեկ օրով կարթնացնեն ներքին խոհարարին՝ ստիպելով  վազել կաղամբի, ելակի ու սերուցքի հետևից:

Babette’s Feast  (1987)

Բաբետայի օսկարակիր ընթրիքը կարծես թե քրիստոնեական բարեպաշտության մասին առակ լինի: Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են 19-րդ դարում՝ դանիական գյուղերից մեկում, ում բնակիչների նիստուկացն ու հավատալիքները կրոնական երանգներ ունեն:

Ոչ մի դեպքում չհանձնվեք ու դիտեք մինչև վերջ՝ անգամ եթե ֆիլմի առաջին կեսը փոքր-ինչ դանդաղկոտ ու ձանձրալի թվա: Երկու մեծահասակ քույրերի ընտանիքում, ովքեր իրենց նվիրել են բացառապես Աստծուն ծառայելուն ու կարիքավորներին օգնելուն, անսպասելիորեն հայտնվում է Ֆրանսիայից եկած Բաբետան (ում մարմնավորում է հրաշալի Ստեֆան Օդրանը, Շաբրոլի մուսան) ու ամեն ինչ գցում իր տեղը: Վերջինիս խոհարարական տրիումֆը սեղանի շուրջ հավաքվածներին բազմաթիվ մտորումների առիթ է տալիս: Էկրանից այն կողմ մի տաքուկ անկյունում ժպիտով կարելի է հետևել, թե ինչպես է կերակուրը փորձություն դառնում կրոնական տարբեր հայացքներ ունեցող, մարմնական հաճույքները (այս դեպքում սնունդը) մերժող կերպարների համար: Նախկինում երբեք կրիայի ճաշ, տրյուֆելով լցոնված, ջեռոցում տապակված ու հատուկ սոուսով մատուցվող լորիկներ ու սև ձկնկիթով պատառներ չհամտեսած հայացքներին անհնար է առանց ժպիտի հետևել:

Soul Kitchen (2009)

«Soul Kitchen» անունը կրող ռեստորանը գտնվում է Համբուրգում և պատկանում է հույն էմիգրանտ Զինոս Կազանզակիսին: Քանի դեռ չի սկսվել անհաջողությունների հոծ գիծը, ռեստորանում ամեն ինչ իր հունով է ընթանում. հաճախորդներին մատուցվում է բացառապես կարտոֆիլ ֆրի ու մսային կոլոլակներ, ու բոլորը գոհ են: Մեկը մյուսին հաջորդող անսպասելի իրադարձություններն ու նոր, էքսցենտրիկ խոհարարի գտածոներն իսկական ուրախություն կդառնան քաղցած սինեֆիլների համար:

Julie and Julia (2009)

Հրաշալի Էմի Ադամսի ու Մերիլ Սթրիփի մասնակցությամբ՝ իրական իրադարձությունների վրա հիմնված ֆիլմում զուգահեռ ընթանում են 2 առանձին պատմություն: Դրանցից առաջինում ամերիկացի դիպլոմատի կին Ջուլիա Չայլդը բացահայտում է ֆրանսիական խոհանոցն ու սկսում դրա գաղտնիքները հրամցնել այլ ամերիկուհիների՝ տպագրված գրքի ու հեռուստահաղորդումների միջոցով: Երկրորդ պատմության գլխավոր հերոսուհուն՝ Ջուլիին, լեգենդար Ջուլիայից մոտ 6 տասնամյակ է բաժանում, սակայն կապում է կիրքը խոհանոցի նկատմամբ: Ջուլին հուսահատորեն սկսում է իր գրական հավակնությունները կյանքի կոչել ֆուդ բլոգինգի միջոցով՝ փորձելով 365 օրում պատրաստել գրքում տեղ գտած 524 բաղադրատոմսերը:

Բուֆ Բոգինիոնի, սնկով, թթվասերով ու պորտվեյնով եփված հավի ֆիլեի պատրաստման ընթացքը տաքուկ զգացողություններ կառաջացնի, իսկ լոբսթերի եփման սրտաճմլիկ, միքիչ զվարճալի տեսարանն անտարբեր չի թողնի ոչ մեկին (նկարահանման ընթացքում ոչ մի լոբսթեր չի տուժել):

The Next Floor (2008)

Վիլնյովի այս ֆանտաստիկ կարճամետրաժն ամենևին սննդի մասին չէ: Բունյուելական մոտիվներով 12 րոպեանոց ընթրիքն ավելի շատ ալեգորիկ բնույթ ունի: Սեղանի շուրջ հավաքված գրոտեսկային կերպարների դեպքում ուտելը մրցութա-ծիսակարգային որկրամոլության դրսևորում է. ափսեներն ագահորեն դատարկվում են մեկը մյուսի հետևից ու հենց նույն պահին լցվում սպասարկող անձնակազմի կողմից:

Դիտման ընթացքում էմոցիոնալ վայրիվերումները ապահովված են: Ֆիլմերի ընթացքում գռմռացող ստամոքսի համար մեր խմբագրությունը պատասխանատվություն չի կրում, այնպես որ հորդորում ենք՝ քաղցած չդիտել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով