#Սուշիկենտրո՞ն

Արդեն հինգ-վեց տարի է, ինչ «մի կտոր հաց ուտելը»  որոշ չափով փոխարինվել է «սուշի ռոլլ/սեթ» ուտելու հետ։ Հայաստանում սուշին ավելի շատ երիտասարդական ուտեստ է համարվում, ավագ սերնդին բրնձով հում ձուկ ուտելը մի փոքր բարդ է, ու դժվար է պատասխան գտնել «սրա փոխարեն ավելի լավ չէ՞ր խորոված ուտեինք, նույն գումարը կստացվեր»։ Ինչ խոսք,  «ճապոնացի ուտեստին» չի ստացվի հաղթել ավանդական խորոված-քաբաբին, բայց, այնուամենայնիվ, այն արդեն իսկ իր պատվավոր տեղն ունի հայաստանյան գաստրոնոմիական սրտի մեջ։ Իհարկե, այն նույնպես փորձել են հայաֆիկացնել․ տնական տարբերակում սուշի փորձում են պատրաստել մսով, պանրով, անգամ՝ ձվով, ասում են՝ համեղ է ստացվում։ Ահա մի քանի հետաքրքիր փաստ՝  ավանդական, արդեն սիրելի դարձած ուտեստի մասին։

 

  • «Սուշին» թարգմանվում է իբրև «թթու», առաջին հայացքից անտրամաբանական անուն՝ ձկով ու բրնձով ուտեստի համար։ Մինչդեռ անունն ավելի քան արդարացված է․ սկզբնական շրջանում սուշին պարտադիր պատրաստում էին աղի և քացախի մեջ պահածոյացված ձկով, և ուտեստը, բնականաբար, ստացվում էր թթվաշ ու աղի։ Հենց դրանով է նաև արդարացված ձկան շուրջբոլորը «կառուցած» բրինձը, քանի որ այն կոտրում է աղի լինելն ու թթվությունը՝ բերելով սուշին և/կամ ռոլլերը նորմալ համի։
  • Առաջին սուշին պատրաստել են երկու հազար տարի առաջ, և նրա հայրենիքն ամենևին էլ Ճապոնիան չէ, այլ՝ Հարավ-արևելյան Ասիան, որտեղ բնակչությունը մեծամասամբ զբաղվում է բրնձի արտադրությամբ։ Ճապոնիայում այն հայտնվել է 13-րդ դարում։
  • Ճապոնացիներն այնքան էին կարևորում սուշին՝ հասարակա-ստամոքսային կյանքում, որ ժամանակին թույլատրում էին սուշիներով  վճարել  հարկերը։ Էհ, ուր էր թե պետական պարտքը խորովածով կամ ժենգյալով հացով վճարեինք։
  • Սուշին մեզ հայտնի տեսքով պատրաստվել է միայն 1820-ականներից սկսած։ Ուտեստը հիմնականում վաճառում էին փողոցի սննդի կետերում, և այն ուտում էին ձեռքերով։

  • Սուշիի համար պատրաստվող բրինձն իր անունը ունի՝ «սումեշի»։ Մեկ ուրիշ՝ ավելի հին անուն էլ ունի՝ «շարի», այն թարգմանվում է իբրև «Բուդդայի մասունքներ»։ Անվանումը ստացել է այն պատճառով, որ բրնձի գույնը ճապոնացիների մոտ ասոցացվում էր բուդդիզմի հիմնադրի հետ։
  • Աշխարհում սուշի-բարերն ամենատարծվածն են, Ճապոնիայում դրանք հասնում են քառասունհինգ հազարի, ԱՄՆ-ում՝ չորս հազարի։
  • Նախորդ դարերում սուշի միայն տղամարդիկ էին պատրաստում, կանանց ուտեստը պատրաստելն ուղղակի արգելված էր։ Համարվում էր, որ կանանց օգտագործած կոսմետիկ միջոցները կարող են հայտնվել սուշիի մեջ։ Այս մտածելակերպով պետք է առհասարակ արգելվեր կանանց պատրաստել, բայց արի ու տես, որ կարևորում էին միայն ազգային ամենասիրելի ուտեստը, տարօրինակ է։
  • Սուշի պատրաստող խոհարար դառնալ այդքան էլ հեշտ բան չէ, ավելին՝ «դասական» կրթությունը հերիք չէ։ Մասնագիտանալու համար խոհարարները սովորում են անգամ անզեն աչքով տարբերել լավ ձուկը վատից, անգամ տարբերել՝ տվյալ ձուկն ուղղակի հին է, թե նաև վարակված է մանրէներով, չէ՞ որ  սուշին նաև հում ձկնեղենից են պատրաստում։ Սա նաև պարտավորեցնում է հում ձկան հետ աշխատելու հատուկ տեխնիկայի տիրապետել, ինչն այդքան էլ հեշտ գործ չի։

 

  • Ռոլլ «Կալիֆորնիան» ամենասիրելիներից է Հայաստանում, այն ստեղծվել է հենց ԱՄՆ-ում, և այս տեսակի օգնությամբ է նաև օգնել, որպեսզի սուշիները տարածվեն։
  • ԱՄՆ-ում առաջին սուշի-ռեստորանը պատկանում էր ճապոնացի Նորիտոշի Կանայիին, ով բիզնեսմեն էր ու զբաղվում էր Լոս-Անջելես սնունդ ներկրելով։
  • Սուշին համարվում է առողջ սնունդ ու համարվում է ցածր կալորիականություն ունեցող՝ չնայած սննդաբանները այս պնդման հեչ այդքան էլ համոզված չեն։ Եթե սնունդը բաղկացած է ձկից ու բրնձից, չի նշանակում, որ պետք չէ այն քիչ քանակով ուտել։ Սուշիի՝ առողջարար ու դիետիկ լինելու  կարծիքը տարածված է մինչ այսօր, բայց սուշիի «համաճարակը»՝ իբրև առողջ ուտելու երկընտրանք, սկսել է Ամերիկայում՝ 1980-ականներին, երբ նորաձև էին նիհարավուն մարմինները։
  • Սուշիների բազմապիսի ընտրանի կա, անգամ՝ թունավոր ֆուգու ձկով, որը կարելի է պատրաստել միայն հատուկ տարբերակով։ Չնչին սխալ, և կարելի է ուղղակի սպանել հաճախորդներին։ Հենց դրա համար այս ձկով աշխատելու համար խոհարարները հատուկ թույլտվություն պետք է ունենան, որը պարտադիր պետք է ներկայացնեն հաճախորդներին՝ եթե նրանք այս ձկով ուտեստ են ցանկանում ճաշակել։

Դե իսկ Հայաստանյան սուշի-աշխարհում նման վտանգ չկա, ֆուգու ձկով սուշիներ ու ռոլլեր մեր մասնագետները չեն պատրաստում՝ դեռ։ Եվ չնայած Հայաստանը չունի ծով ու սեփական արտադրության ճապոնացիներ, հայ ռեստորանների սուշիները նույնչափ համեղ են։ Կարող եք պատվիրել այստեղ ու համոզվել դրանում։

Բարի ախորժակ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով