Գինի լից, ընկե՛ր ջան

Օմար Խայամը դեռ մի քանի դար առաջ պնդում էր, որ ճշմարտությունը գինու մեջ է։ Եվ առհասարակ, նրա շատ քառյակներում հիշատակվում է գինին՝  որպես բանաստեղծի անդավաճան ընկերակից։ Ցավոք, Խայամը չապրեց այնքան երկար (դե, գոնե ութ հարյուրից ինը հարյուր տարի), որպեսզի տեսնի, թե որքան է զարգացել գինեգործությունը՝ խաղողի որթերի պես ճյուղավորվելով ու ստեղծելով նոր համային երանգներ։ Հենց այսօր էլ անցկացվում է՝ արդեն ավանդական դարձած  և Արենի գյուղում անցկացվող գինու փառատոնը՝ իններորդ անգամ։ Փառատոնին, ինչպես անցած տարիներին,  հյուրընկալվելու են միջազգային գինեգետներ, ռուսաստանյան սննդային բլոգերներ, զբոսաշրջիկներ Իրանից, Գերմանիայից, Ռուսաստանից, Իսպանիայից և այլ երկրներից, անցկացվելու են գինու համտեսներ, գինեգործներն ունենալու են հնարավորություն՝ ծանոթանալու ու շփվելու միջազգային այցելուների հետ, ինչը թույլ կտա ներկայացնել հայկական արտադրանքն ու նոր գործընկերներ ձեռք բերել։ Մի խոսքով, համատեղելու են հաճելին օգտակարի հետ։ Եվ սա հրաշալի առիթ է՝ մեր բլոգում սիրելի խմիչքին անդրադառնալու համար՝ հատկապես, որ  ըստ որոշ աղբյուրների, գինու հայրենիքը համարվում է Հայաստանը։ Գուցե՝ ոչ միակը, բայց հիմնական «ծնողական կազմի» մեջ է։

Դե,  որ խմիչքով էլ լինի, առաջին կենացն ու գինոտ բլոգային գրառումը պետք է սկսել առողջության համար խմելով՝ ինչպես ընդունված է։ Առողջության կենացն, իրականում, նախապատմություն ունի․ Հին Հունաստանում տանտերն առաջինն էր լցնում իր թասը՝ գինու մեծ տակառից, ու խմում այն՝ հյուրերին ցույց տալու համար, որ խմիչքը թունավորված չէ։ Բայց քանի որ «խմում եմ ձեր չթունավորվելու կենացը» այդքան էլ լավ չէր հնչում, և շատերը ձևացնում էին, թե վստահում են տանտերերին, որոշեցին, որ առաջինը բաժակը առողջության համար պետք է խմվի։ Իսկ մարդկանց թունավորելու այլ՝ ավելի հետաքրքիր տարբերակ կգտնեն․ գինին ափսոս է։

Բայց գինին միշտ չէ, որ եղել է հասանելի շատերին։ Սկզբում դա միայն արքայական խմիչք էր։ Հետո, օրինակ, Հին Հռոմում, կանանց խստիվ արգելված էր գինի օգտագործել։ Ամուսինն ուներ իրավունք՝ կնոջը տեղում իսկ սպանելու համար՝ եթե նրան խմելուց տեսներ։ Բարեբախտաբար, մ․թ․ա․ 194 թվականին սպանելու փոխարեն որոշեցին ուղղակի  հարցն ամուսնալուծությամբ ավարտել՝ թողնելով մահանա սերը և ամուսնական կապը, բայց ոչ՝ մարդը։ Լավ է, որ Օմար Խայամը այդ ժամանակներում չկար (դե, մեր թվարկությունից հետո է ծնվել, մեղադրելու չի), թե չէ դժվար թե պնդեր գինու՝ ճշմարտության օրրան լինելու փաստը։

Գինու փառատոնին համտեսները շատ են լինելու։ Դեգուստացիան, որպես այդպիսին, միտված է ոչ թե գինու համը, այլ՝ բույրը հասկանալուն, լավ գինու տարբերակիչ կարևոր նշաններից է։  Հենց դրա համար ընդունված է համարել, որ կանայք շատ ավելի լավ են գլուխ հանում գինիներից, քանի որ նրանցհոտառությունն ավելի ուժեղ է, քան տղամարդկանցը։ Համտեսի ժամանակ պետք է գինու կումը մի քանի վայրկյան պահել բերանի մեջ, հետո նոր կուլ տալ։ Որակյալ գինու համը դեռ երկար կպահպանվի քիմքում, մինչդեռ անորակ գինին չունի  «համի հետագիծ»։

Ի դեպ, ոչ բոլոր գինիներն են, որ տարեցտարի ավելի լավն են դառնում, կոնյակային ձեռագիրը պետք է մի կողմ դնել։ Դրանց մեծամասնությունը պատրաստումից անմիջապես հետո կարող է օգտագործվել, և միայն եզակի գինու տեսակներն են, որ որոշ ժամանակ թրմելուց ու թմրելուց հետո ավելի  բազմաշերտ համ են ստանում։Ի դեպ, աշխարհի ամենահին գինու շիշը հայտնաբերվել է գերմանական Շպայեր քաղաքում, այն «ծնվել է» մոտավորապես մ․թ․ա․ 325 թվականին, բայց հայտնաբերել են 1867-ին։ Պֆալցի պատմության թանգարանում է, նշվում է, որ շիշը պարունակում է ձիթապտղի յուղ ու գինի։ 1․5լ պարունակությամբ շիշը, ըստ տեղեկությունների, թաղված է եղել հռոմեական զույգի հետ՝ նրանց հետմահու կյանքի համար։ Ահա այն՝

Գինու գույնն էլ, հետևաբար, հնեցման հետ կապ չունի։ Այն ունի կարմրավուն գույն, որովհետև ֆերմենտացիայի ընթացքում խաղողի կճեպների գույնը ներծծվում է խմիչքի մեջ։ Իսկ սպիտակ գինին ուղղակի ֆերմենտացիայի չի ենթարկվում։

Պրոֆեսիոնալ խոհանոցը գինու ու մսի գույնը միշտ «բռնացնում է» իրար հետ՝ չմոռանալով, որ ծանր սնունդը պետք է համեմել «ծանր» գինով, թեթև ուտեստներն էլ՝ ավելի նուրբ համ ունեցող խմիչքով։ Բացի դրանից, կարմիր գինին օգտագործում են կարմիր մսի հետ, սպիտակը՝ սպիտակ մսի ու ձկան, քաղցրը՝ դեսերտի։ Այս մասին ավելի մանրամասն կխոսենք բլոգի մյուս գրառումներում՝ առանձին ներկայացնելով կարմիր ու սպիտակ գինիների տեսակները, կիրառման ճիշտ կամ հետաքրքիր տարբերակները։

«Գահերի խաղում» հաստատ նկատած կլինեք, թե որքան շատ են գինի խմում։ Վստահորեն կարող ենք նշել, որ սթարքերը, լաննիսթերներն ու  մնացած ազնվական տների վերնախավը հիպերտոնիա ունի (լավ է, որ հորինված աշխարհ է․․.Բայց հաստա՞տ հորինած է), քանի որ օրական 300 մլ-ից ավել գինու օգտագործումը բերում է  սրտի հիվանդության, ինսուլտի, քաղցկեղի որոշ տեսակների, հանգեցնում է ընկճված տրամադրության ու  ինքնասպանությունների։ Դե, արդեն պարզ է, թե ինչու են սիրելի սերիալում բոլորը մահանում։

Բարեբախտաբար, գինու չափավոր օգտագործումը շատ ավելի դրական ազդեցություն ունի օրգանիզմի վրա։  Այն օգնում է ամուր պահել նյարդային համակարգը (ով էլ կասկածեր),  օգնում է պայքարել Ալցգեյմերի ու Պարկինսոնի հիվանդությունների դեմ։ Բացի սրանից, կանադացի գիտնականները(չէ, բրիտանացիները չեն) հայտնաբերել են, որ կարմիր գինում և խաղողի կորիզներում առկա անտիօքսիդանտները, պաշտպանում են բերանի խոռոչը  ատամների և լնդային հիվանդություններից։

Եթե չեք հասցնում մասնակցել փառատոնին, հոգ չէ, մենք ունենք գինիների բազմազան ընտրանի, որը կարող եք պատվիրել այստեղ ու նշել գինու փառատոնը տանը՝ անգամ մեկ օր ավելի շուտ։ Ի՜նչը կհաղթեր կյանքում հերոսին, թե չլիներ Menu.am-ի առաքած գինին։

Ձեր կենացը։

Լուսանկարները՝  Google photos

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով