Սուրճ՝ տոնի բուրմունքով

«Բաժակիդ մեջ շուն ա դուրս եկել, հիվանդություն ա նշանակում»,- գլուխը տմբտմբացնում էր իմ մանկության տիկին Գայանեն՝ խիստ ուշադիր զննելով սուրճի բաժակի նստվածքը՝ հարևանների ճակատագրերը պատմելիս և կյանքը դասավորելիս։ Երբեմն ինքն իրեն այնպես էր գերազանցում, որ սեփական հոնքերը զարմացած կնճռոտվում էին․«Աջ կողմը տեսնո՞ւմ ես, վանք ա, վանքի սկզբում մի ձիավոր ա կանգնած, բայց՝ էշի վրա նստած, այ էս լույսը տեսնո՞մ ես»,-  մատը տանում էր  կեղտոտ բաժակի մեջտեղը՝ այնքան վստահ, որ վերևի հարևանը ստիպված գլխով էր անում՝ իհարկե տեսնում է, լույս է, բա էլ ի՞նչ,-«այ էդ լույսի կողմով մի աղավնի ա իջնում՝ ձեռքին ձուկ»․․․Տեսիլքները երկար էին շարունակվում։ Օդում  մնում էր սուրճի հաճելի դառնահոտն ու մեր չստացված՝  հարևան կանանց նման «բաժակ նայելու» փորձերը․ ախր որտե՞ղ տեսան շուն այս կեղտոտ բաժակի մեջ։

armenian coffee

Ստացվում է՝ սուրճը մեզ հետապնդում է դեռ մանկուց՝ սկսած հեռուստացույցից հնչող գովազդներից, որոնք անգիր արած ասմունքում ու երգում էինք, մինչև ծնողների կլոր սեղանների անբաժանելի մաս ու սերիալներ․ անհնար է մոռանալ «Սուրճ՝ կնոջ բուրմունքովը»․ ա՜խ, Գավիոտա, Գավիոտա։

Եվ ամենևին զարմանալի չէ, որ սուրճը համաշխարհային օր ունի՝ հոկտեմբերի մեկը, որից սովորաբար սկսվում  և տևում է յոթից տասը օր։ Համաշխարհային օրը որոշվել է 2015 թվականին, բայց մինչ այդ էլ որոշ երկրներ մոտ քսան տարի է, ինչ ունեն «սեփական» սուրճի օրեր։

Առաջինը Ճապոնիան էր, որը 1983-ին սուրճի տոն նշեց իր բնակիչների համար՝ կազմակերպելով միջոցառումներ սիրելի ըմպելիքի շուրջ ու մասին։

Տոնախմբությունը սիրված է ոչ միայն այն երկրներում, որտեղ աճում են այդ բուրավետ հատիկները, այլ նաև այնտեղ, որտեղ սուրճն ունի համարյա  կիսաաստվածության կարգավիճակ՝ Ճապոնիայում, ԱՄՆ-ում,  սկանդինավյան երկրներում։

coffee world map
Դժվար թե լոնդոնյան դարբինը, որը 1665 թվականին հայտնագործեց սրճաղացը, կպատկերացներ, որ այսօր դառնահամ ըմպելիքն այդքան հանրահայտ կլինի՝ չնայած սրճային սերը վարակիչ է և անդավաճան։ Բեթհովենն, օրինակ, հատուկ արարողակարգ ուներ․ ամեն բաժակ սուրճի համար իր ձեռքով ընտրում էր ուղիղ վաթսուն հատիկ․ պատմության քառուղիներում «Սուրճի սոնատը» հավանաբար կորել է, ափսոս։ Իսկ փիլիսոփա Վոլտերն օրական հիսուն գավաթ սուրճ էր խմում, ինչը զարմանալի չէ․ սրճաբաժակի շուրջ հաճելի է փիլիսոփայել ու փնտրել կյանքի իմաստը (Menu.am-ի գերակտիվ  ու ծանրաբեռնված օրերին մեր գործընկերները շատ հնարավոր է, որ  հաղթում են Վոլտերին՝ բաժակների քանակով)։

Այսօր սուրճը ոչ միայն  ըմպում են, այլև օգտագործում կոսմետիկ միջոցների, դեղորայքի և անգամ օծանելիքի արտադրությունում։ Սուրճը հրաշալի օգնում է մեղմել մարմնի անհարթ մաշկը, իսկ դեմքի համար ստեղծված դիմակները թարմացնում են հայացքը՝ նաև ազատելով կորյակներից։ Կոֆեինը ցավազրկող էֆեկտ ունի, հենց դրա համար, սուրճը հատուկ  վերամշակման փուլ անցնելով, հայտնվում է որոշ հաբերի մեջ։ Հայտնի պարֆյումերները խորհուրդ են տալիս օծանելիք ընտրելիս մի քանի  սրճահատիկ ունենալ գրպանում․ հատիկների բույրն օգնում է շեղվել օծանելիքների բազմազանությունից ու «թարմացնել հոտառությունը», այդպես ավելի լավ կզգաք մեկ բույրից մյուսի փոփոխությունը։

coffe beans perfume

Եվ ի վերջո սուրճն իր բուրմունքով մարդկանց միավորելու հրաշալի հատկություն ունի՝ օգնում է լավ գործարքներ կնքել, հաշտվել նեղացած ընկերոջ հետ կամ էլ ուղղակի բարձր տրամադրությամբ արթնանալ։ Եվ չնայած սուրճի չարաշահումը կարող է վնասակար լինել, սակայն վաղուց արդեն ապացուցված է դրա չափավոր օգտագործման արդյունքը՝  ամրապնդում է սրտանոթային համակարգը, պայքարում է լեղաքարային հիվանդությունների և դեպրեսիայի դեմ, լավացնում է հիշողությունն ու քչացնում  շաքարային դիաբետի ռիսկը։

Այս ըմպելիքը քայլում է մեզ հետ ամենուր, և ուրեմն շնորհավոր տոնի բուրմունքով սուրճի օրն ու օրակարգը։ Լավ սուրճի հետ սկսված օրը միշտ խոստումնալից է։

Իսկ համեղ ըմպելիքի տարատեսակների մասին կխոսենք ավելի մանրամասն՝ բլոգի հետագա գրառումներով։ Եվ կարևորը հիշենք․ սուրճի գավաթում հայտնված շունը չի գուժում հիվանդության մասին, ընդամենը հարևանը լավ  երևակայություն ունի, թեթև տարեք բաժակը։

Սրճելու համար էլ հատուկ առիթ պետք չէ, մենք առաքում ենք  սուրճի բազմազան ընտրանի Երևանի ամբողջ տարածքում։ Ձեզ մնում է սեղմել այստեղ,  ընտրել նախընտրած ըմպելիքը, պատվիրել ու  կարճ ժամանակ անց նշել սուրճի համաշխարհային օրվա տոնական շաբաթը տանը, աշխատավայրում, Լուսնի վրա  ։

Բարի սրճախմություն։)

Լուսանկարները՝  Google Images

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով